Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

30/5/2026 17:23

Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հերքում և 6 միլիոն դրամի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։ Ըստ հայցի՝ Սամվել Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը։ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։ Հայցադիմումով պահանջվում է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։