Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում

1/6/2026 09:49

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։ Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։ Սիրելի՛ երեխաներ, Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։ Սիրելի´ գործընկերներ ու քաղաքացիներ, Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։ Սիրելի´ երեխաներ, Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։