Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում

2/6/2026 13:43

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես Աշտարակում,- հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը: «Խուզարկություն է իրականացրել դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Ընդամենը պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների և ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է և ճղճիմ, նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը և այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով»,- նշել է Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միջազգային դիտորդներին նկատել այս ամենը, տեսնել և համապատասխան գնահատական հնչեցնել, շեշտել է՝ հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ: