Մեր մոտեցումը՝ պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը

7/6/2026 14:49

Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի: Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն «կախում» ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,- նշել է նա և ավելացրել, որ իրենց մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմության ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը: «Չեմ կարծում, որ մեր ընտրություններին չմասնակցելու քայլը մեծահոգություն էր, այն սթափ հաշվարկի արդյունք էր: Կարծում եմ, այդ մասին կարող ենք դատել այսօր՝ ժամը 20:00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները, եթե գոնե 10 տոկոսով ավելի շատ գան ընտրատեղամասեր, քան 2021-ին էր՝ ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր: Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»,- նշել է Սարգսյանը: