Ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին կեղծ զանգեր են ստացվում
7/6/2026 14:52

Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։
Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։
ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։ Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին»,- նշում են ՆԳՆ-ից։