Կրակոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

7/6/2026 23:58

Այսօր՝ հունիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:20-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից իրենց անձնական օգտագործման մեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Մանուչարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումներով, այդ թվում՝ «ձախ նախաբազկի և աջ ազդրի վերին 3-ի» շրջանում ստացած վնասվածքներով։ Քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի ինչ-որ հասցեից, որտեղ ինչ-որ անձանց միջև տեղի է ունեցել «ռազբորկա», որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանները ու Արաբկիրի քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հայտնում։