2 տարեկան երեխան ացետոն է խմել

9/6/2026 22:06

Հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա Կ․ Մ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաններին երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով, հունիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։ Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։