Որոշ ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի
11/6/2026 12:24

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման համար. որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից նշում են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։
ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ՝
ծիրանի 1 կիլոգրամի համար` 200 դրամ,
սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ,
կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ,
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ,
շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,
շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ։
«Այսպիսով` որոշակիորեն կմեղմվեն առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։