Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության
13/6/2026 11:02

Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այս մասին գրում է Հետքը։
Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026թ. մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես՝ նրան «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելը, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի՝ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։
Հերքումը պետք է կատարվի ԶԼՄ-ներին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելով և հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։
Բացի հերքումից, պահանջվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույն կարգով և ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից՝ նույն լրատվամիջոցներով, հետևյալ տեքստով.
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Հայցվորը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև նախապես վճարված 310 հազ. դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Նշենք, որ հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է 2026թ. հունիսի 2-ին և վարույթ ընդունվել հունիսի 12-ին։ Գործը քննում է դատավոր Նաիրա Ավետիսյանը։
Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայց են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի դեմ։