Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը կքննվի վաղը

16/6/2026 20:38

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին։ Այս մասին նշված է ԿԸՀ կայքում։ Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։ Այս առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. «Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ»։