Ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված չեն քաղաքականությամբ

17/6/2026 10:08

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտնել Է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,-ասել է Դանկվերտը։ Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության կազմակերպումն ու վերահսկումն է։ Մասնավորապես, Դանկվերտը նշել է, որ այնտեղ կան մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք աճեցնում և արտահանում են իրենց արտադրանքը։ «Բայց արտադրության և առաքման միջև իրականում բացակայում է ներքին հսկողության և համագործակցության համակարգը։ Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է», - պարզաբանել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։