Մտահոգ բոլոր ուժերը պետք է ձևավորեն հակաիշխանական պայքարի միասնական ճակատ
17/6/2026 16:13

Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար:
Ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ։
«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական և հետընտրական ժամանակահատվածը, արձանագրում է։
Ա. 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը էական ազդեցություն է թողել մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության վրա։
Բ. ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման ակնառու տարրեր և դրվագներ են պարունակում։
Գ.Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերն ու տոկոսները ցույց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն և ավելի տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին։
Դ.Իրողությունների համակողմանի և արդար վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար:
Հայրենիքը բոլորինս է, հաղթանակը՝ ժողովրդինը»: