ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ մանևրները միայն ափսոսանք են առաջացնում
18/6/2026 18:51

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու որոշումը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն պնդման ֆոնին, թե իբր կառույցն ինքն է դուրս եկել երկրից, «բարդ տրամաբանության» արդյունք է. Երևանն այժմ ինչ-ինչ պատճառներով սառեցնում է մի կառույց, որն արդեն իսկ, իր իսկ պնդմամբ, լքել է Հայաստանը,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս փուլում նրանք խոսում են ՀԱՊԿ-ին իրենց անդամակցությունը սառեցնելու մասին։ ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ մանևրները միայն ափսոսանք են առաջացնում։ Առանձնակի մտահոգիչ է, որ Հայաստանի տարածքում այս կրթական ծրագրերի իրականացումն արդեն համակարգային բնույթ է ստանում. դրանք անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։
Այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է, և ամենահատկանշականն այն է, որ իրենք էլ դա չեն թաքցնում։ Այն է՝շարունակել հանրապետությանը պոկել իր ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից։ Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում։ Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ժամանակին նման բան պատկերացնելն անգամ անհնար էր, հատկապես, որ Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք է ապրում, որի անդամներից շատերը չեն պատրաստվում ընտրության առջև կանգնել կամ իրենց սիրտը երկու մասի բաժանել։