Չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները․ Զատուլին
19/6/2026 10:05

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պետք է «սկզբունքային դիրքորոշում» որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շարունակելով փոխգործակցությունը գործող իշխանության հետ դե ֆակտո մակարդակով։
Զատուլինը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։
Նա նշել է, որ ընտրական գործընթացում բացակայել են քաղաքական մրցակցության հավասար պայմանները, ինչպես նաև ճնշման միջոցներ են կիրառվել ընդդիմության նկատմամբ։
Պատգամավորը, սակայն, ընդգծել է Հայաստանի հետ գործնական փոխգործակցության պահպանման անհրաժեշտությունը՝ չնայած քաղաքական տարաձայնություններին։
«Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ազնիվ և օբյեկտիվ։ Սակայն, քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում և ավանդաբար զարգացնում ենք կապերը, այսուհետ էլ կաշխատենք նրա հետ՝ ելնելով այն բանից, որ այսօր այն գլխավորում են մարդիկ, որոնք իշխանության ղեկին են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Մոսկվան փաստացի կշարունակի համագործակցությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ միաժամանակ արձանագրելով արդյունքները դե յուրե չճանաչելու քաղաքական դիրքորոշումը։