Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին

26/6/2026 23:23

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը: Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։ Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ավարտին Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։