Մենք զորակոչ ենք կորցնում առողջական կեղծ թղթերով ազատվողների պատճառով
1/7/2026 13:37

Մենք զորակոչ ենք կորցնում առողջական կեղծ թղթերով ազատվողների պատճառով, օրենքը գալու է, սրա դիմացը առնելու ենք: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«2022 թվականի դրությամբ զորակոչի մոտ 69 տոկոսը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, նրանց գերակշիռ մասը ազատվել են առողջական խնդիրներով պայմանավորված: Օրենքը գալու է, սրա դիմացը առնելու ենք, այն կանխարգելիչ դեր է ունենալու: Օրինակ՝ լինում է, որ բժիշկը տեղեկանքը տալիս է զորակոչիկին, հետո տվյալ զորակոչիկին ասում է, որ եթե քեզ սրանից հետո կանչեն, դու ուղղակի հրաժարվիր ու մի ստուգվիր, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել: Օրենքը երբ ընդունվի, բժիշկը արդեն կիմանա, որ կեղծ տեղեկանք տալու դեպքում զորակոչից ազատված տղաներին հնարավոր է նորից կանչեն փորձաքննության, ու եթե վերջինս խոչընդոտի կամ խուսափի, արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության»,- նշել է Սարգսյանը:
Սարգսյանը ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին էլ հորդորեց ուշադրությունը հրավիրել ու կանխարգելել նաև քաղաքացիությունից հրաժարվողների հանգամանքին: Իր խոսքով՝ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 1,900 արական սեռի ներկայացուցիչ, ու փաստացի դա արել են բանակից խուսափելու համար, մինչև 18 տարեկանը: 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է նախորդ տարվա փոխարեն 2,800 տղա, այսինքն՝ տեմպը 30-40 տոկոսով աճել է:
Սարգսյանն ընդծեց՝ իրենց թիմակից Անդրչանիկ Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ է նախորդ անգամ առաջարկված նախագիծը տապալվել, ինչի արդյունքում զինծառայողների պակասը լրացվել է պայմանագրային զինծառայողներով, օրինակ՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով, որը մեծ ֆինանսական բեռ է բանակի համար:
«Օրենքը պետք է շուտ ընդունել, մենք ոչ միայն մեր ռեսուրսն ենք կորցրել, այլ ֆինանսական միջոցները»,- ընդծեց Սարգսյանը: