Ալեն Սիմոնյանը նոր խորհրդարանում չի լինի

2/7/2026 12:45

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնելու պատգամավորի մանդատը և չի լինելու նոր խորհրդարանում։ «Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ լինելով պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, ով ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն և ես միշտ նշել եմ՝ ոնց կորոշի վարչությունը»,- այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղվածություն չունի, որ ՔՊ–ում նախընտրել են, որ նոր խորհրդարանում նախագահը պետք է լինի այլ անձ՝ Ռուբեն Ռուբինյանը։ «Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում։ Նեղվածություն, որպես այդպիսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է ինչ–որ փոփոխություններ»,– նշել է նա։