Ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը

5/7/2026 19:35

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Սակայն այս տարվա հուլիսի 5-ը դժվար է լիովին տոնական համարել, քանի որ այն ստվերվել է Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշմամբ։ Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ապահովումն ու սահմանադրական կարգի պաշտպանությունն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 162 և 164)։ Երեկ ՍԴ-ն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հաստատվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Այդ որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմտավ Ազգային ժողով, չնայած՝ մինչև որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, այն գտնվում էր անցողիկ 4 տոկոսի շեմի վերևում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել մի քանի ընտրատեղամասերի արդյունքները, սակայն չի նշանակել վերաքվեարկություն, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին։ Արդյունքում ոտնահարվեցին ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 7՝ ազատ, հավասար և ուղղակի ընտրությունների սկզբունքը)։ Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը լրջորեն խաթարվեց։ Սահմանադրական դատարանը պետք է լիներ վերջին սահմանադրական ատյանը, որը կկանգնեցներ հնարավոր խախտումների ճանապարհին և կվերականգներ ընտրական արդարությունը՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 61)։ Փոխարենը, որոշումը հաստատեց գործող ստատուս քվոն՝ առաջացնելով լուրջ հարցեր դատարանի անկախության և Սահմանադրությանը հավատարմության վերաբերյալ։ Սահմանադրությունը չի պաշտպանվում միայն տոնական ուղերձներով կամ հանդիսավոր հայտարարություններով։ Այն պաշտպանվում է անկախ դատական ինստիտուտներով, ազատ ու արդար ընտրություններով և պետական մարմիններով, որոնք հավատարիմ են մնում սահմանադրական առաքելությանը։ Երբ այդ ինստիտուտները չեն կարողանում լիովին ապահովել Սահմանադրության գերակայությունը, վտանգվում է ոչ միայն իրավական պետությունը, այլև ժողովրդավարության հիմքը։ Այսօր Սահմանադրության օրն է։ Սակայն հուլիսի 4-ի որոշումից հետո առավել քան երբևէ արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել հենց այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությունը։ Այս մարտահրավերը պահանջում է ընդդիմության համախմբում և հանրային-քաղաքական պայքար՝ ի շահ իրական ժողովրդավարության և Սահմանադրության գերակայության»։