«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են
6/7/2026 14:49

«Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլն։ ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
«Առավոտյան մոտավորապես 7։30 միանգամից լայնածավալ «գրոհել են»՝ անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով, սպառնալով, թե կձերբակալեն և այլն։ Գործարանը հերթափոխով է աշխատում․ տեղում գտնվող աշխատակիցներին հանել են, իսկ հերթափոխն ընդունող աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել՝ պարալիզացնելով 1000-ից ավելի աշխատակից ունեցող գործարանի աշխատանքը»,- պատմել է Արտյոմ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՔԿ աշխատակիցները ներկայացրել են դատարանի որոշում, որում, սակայն, նշված է եղել, թե աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է։
«Երբ մատնանշեցինք այդ հատվածը, իրենց պատասխանն այն էր, թե մենք մեր գործողություններն ենք անում. գնացեք, բողոքեք»,- նշել է Պողոսյանը։
Ըստ նրա՝ այս պահին հսկայական վնասներ են հասցվում գործարանի աշխատանքին։ Առաջնահերթ 1000-ից ավելի աշխատակիցների վարձատրության հարցն է։ Ցեմետի բարձումն է դադարեցվել, ինչի հետևանքով, Պողոսյանի խոսքով, երկրում կատարվող շինարարական աշխատանքները ևս կարող են կոլապսի ենթարկվել։
ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են։ Պողոսյանի խոսքով՝ գործարանից ոչինչ չի առգրավվել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է գործարանն աշխատելու կապարակնքված դռների պայմաններում։