Բնակիչներ փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհը
7/7/2026 12:32

Այսօր՝ հուլիսի 7-ին, Արմավիրի մարզում վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։
Shmashyan.com-ի հաղորդմամբ հուլիսի 6-ին, նշված գյուղերում տեղացած ուժգին կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել գյուղացիների տարվա ամբողջ աշխատանքը։ Մի քանի րոպե տևած տարերային աղետը ոչնչացրել է խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի զգալի մասը, վնասել բնակելի տների տանիքները, արևային վահանակները, պատուհանները, ինչպես նաև բազմաթիվ ավտոմեքենաներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։
«Մի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը մի քանի րոպեում վերացավ։ Մեր այգիներում բերք չի մնացել, իսկ մենք բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջ պարտավորություններ ունենք։ Եթե պետությունը մեր կողքին չկանգնի, չգիտենք՝ ինչպես ենք շարունակելու ապրել»։
Բնակիչները հայտարարում էին, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, երբ պատասխանատու պաշտոնյաները ժամանեն դեպքի վայր, հանդիպեն գյուղացիներին և ներկայացնեն փոխհատուցման ու վնասների գնահատման հստակ մեխանիզմը։