էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը․ Բայրամով
9/7/2026 10:17

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախարարը հայտնել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:
«Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- նշել է նա:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը՝ միաժամանակ նշելով, որ իրենց սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները և նշել, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը: