Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
9/7/2026 15:05
«Խաղաղության» դատավարությունը շարունակվում է Վերաքննիչ դատարանում: Իհարկե, շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում և որևէ փոփոխություն չի կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված, բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, դիմել ենք Վերաքննիչ դատարան. այս մասին Բաքվի բանտից արված իր ուղերձում ասել է Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Նա նշել է, որ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնել՝ այսպիսի դատավարությամբ և փաստերով միջազգային դատարան գնալն իրենց համար շատ ծանր կլինի և ամոթ է:
Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ իր ելույթն էր, որում ներկայացրել է՝ ինչու է դիմել Վերաքննիչ դատարան:
«Ընտրվել են Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներ և կոպիտ ձևով ոչ միայն ինձ, այլ բոլորիս կպցրել, գործը կարել են: Նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է: Օրինակ՝ 1993 թվականի ծնված անձին վերագրում են 1991-1994 թվականների ռազմական գործողությունների համար կասկածանք: Իբր այդ ամենը դատարանում ապացուցվել է և կայացվում է վճիռ՝ 15 տարվա ազատազրկում։
Ինչպես ասել եմ առաջին ատյանում, նաև այստեղ եմ հստակ հայտարարել, որ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է, հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։
Կարևորը մեր ողջախոհությունն է, համբերատար և նպատակասլաց մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք, իսկ միջազգային դատարանի և միջազգային ատյանների հետ կապված քմծիծաղով և արհամարհական են վերաբերվում: Ամենածանրն այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ի՞նչ կարող են անել նրանք, սա է վիճակը»,- նշել է նա: