ՆԳՆ-ն զգուշացնում է

9/7/2026 19:20

Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։ «Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝ • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,-ասված է հայտարարության մեջ։