Միայն միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը

9/7/2026 23:59

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ։ «Հուլիսի 9–ին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։ Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ «Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։ Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։ Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։ Միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը»։