ԱԳՆ-ն՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարության մասին

10/7/2026 00:02

Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում․ այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։ Ջեյհուն Բայրամովը կրկին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, ավելին, պնդել է, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։ «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ, իրողությունն այն է, որ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Բայրամովը։