Կատարն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իրանին

12/7/2026 15:30

Կատարն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել Իրանի հրթիռային հարվածների կապակցությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Այս մասին ասված է ամիրայության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարությունն ընդգծում է, որ Կատարի Պետությունը պահպանում է պատասխանի իր լիակատար իրավունքը՝ միջազգային իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համապատասխան, ինչպես նաև իր սուվերենության, անվտանգության, տարածքային ամբողջականության և քաղաքացիների պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման իրավունքը», - նշվում է տեքստում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Դոհան Թեհրանի վրա է դնում «այդ հարձակումների և դրանց հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը»։ ԱԳՆ-ն նաև վճռականորեն դատապարտել է Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի տարածքներին հասցված հարվածները՝ Իրանի գործողություններն անվանելով սուվերենության և բարիդրացիության սկզբունքների «կոպիտ խախտում»։ Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում և վերադառնալ դիվանագիտական երկխոսությանը։