Ակցիա՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի դիմաց
13/7/2026 17:11

Մարդիկ մոտակա օրերին մեզ մոտ ունեին գրանցված հարսանիքներ, չգիտեն ինչ անեն. կարող են գործողությունները շարունակել, բայց չխաթարվի ռեստորանի աշխատանքը: Այս մասին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի դիմաց անցկացված բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողներին ասել են «Փարավոն» ռեստորանի և «Մուլտի Գրանդ Փարավոն»-ի աշխատակիցները: Նրանք պահանջում են բացել իրենց աշխատավայրը:
«Այս պահին կառույցի բոլոր աշխատակիցները գտնվում են անորոշ իրավիճակում, եթե ամեն մեկս մեր վրա վերցնենք, ապա ի՞նչ կանեինք, եթե հազարավոր հաճախորդներ զանգ տային: Ամոթանք ենք լսում, վիրավորանքներ, ի՞նչ պետք է պատասխանեինք իրենց, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք ինչ անենք, անելանելի իրավիճակ է: Կարող են ուղղակի ընդհանուր գործողությունները շարունակել, բայց այնպես, որ զուգահեռ չխաթարվի ռեստորանի և հյուրանոցի ամենօրյա աշխատանքը: Ռեստորանը աշխատում է միջոցառումների համար, մենք հիմա ամեն օր գումար ենք կորցնում յուրաքանչյուր միջոցառումից եկած հասույթի չափով:
Մարդիկ մեր մոտ մոտակա օրերին ունեն գրանցված հարսանիք, զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք մենք, չգիտեն: Նույնիսկ իրենց տեխնիկական ու դիզայներական պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ, և կարճ ժամանակում՝ 3-4 օրում, փոխել ու ուրիշ ռեստորան գնալ, կամ ազատ սրահ գտնել, կարծում եմ, որ շատ դժվար կլինի: Արդյունքում այդ հաճախորդներն են շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ-շատ հյուրեր, ովքեր 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, հիմա պետք է գան, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշել են աշխատակիցները:
Հավելեցին՝ իրենք այժմ իրենց բողոքի ցույցն իրականացնելով հորդորում են ղեկավարությանը, որ գործը, բիզնեսը ու մարդկանց հանապազօրյա աշխատանքը չխառնվի որևիցե պրոցեսների հետ: