ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը Կառավարությունը հաստատեց
16/7/2026 12:13

Մենք սկսում ենք ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը
Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»,- նշել է Միրզոյանը:
Միրզոյանն ընդծեց՝ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։