Անհայտ կորածների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

20/7/2026 16:25

Այսօր երկուշաբթի է, թող մի շաբաթ լրանա, եթե մինչև հաջորդ երկուշաբթի մեզ նորություն չասացին, պատրաստվեք, որ կարող է երկուշաբթի կամ երեքշաբթի հավաքվենք, սպիտակ դրոշով գնանք Հակարիի կամուրջ՝ բանակցելու: Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասել է անհայտ կորածների հարազատներից մեկը: Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը, կամ որևէ տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին: «Հանձնվելու չենք գնում, գնում ենք ամեն ինչ քննարկելու, բանակցելու: Մենք մեր վրա ենք մեր հույսը դնում, սրանց վրա արդեն հույս չենք դնում ու չենք հավատում»,- նշել է նա: Ակցիայի մասնակիցներից մեկ այլ ծնող էլ համաձայնում է, նշում է՝ իրենք իրենց երեխաներին են պահանջում, 7 օր ժամանակ են տալիս: «Սա վերջնականն է, մեր մայրերի խոսքն է: Այստեղ ոչ մի ծնող 15 տարեկան չի, որ որ ընկնի ինչ-որ մեկի ազդեցության տակ, սա ազդեցության տակ ընկնելու բան չէ, այլ պահանջ: Մենք մեր երեխաներն ենք ուզում, մենք այստեղ գումարի կամ ինչ-որ բանի դիմաց չենք եկել, մեզ այդպիսի ավելորդ բաներ են ասում, գրում, այդ գրողները թող իմանան, որ վերևում Աստված կա, նա է դատողը»,- ասել է մայրերից մեկը: Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները շեշտում են, արդեն տարիներ շարունակ սպասում են պատասխաններին, բայց մինչ օրս հստակ տեղեկություններ չեն ստացել: