Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է

21/7/2026 12:52

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի այդ երկիր առաջին արտահանման մասին է։ Դա են վկայում ֆեյսբուքյան գրառման տակ քաղաքացիների մեկնաբանություները։ Այս մասին գրում է fip.am-ը։ Նախարարի գրառումը լայնորեն տարածվել է նաև ինչպես մեդիա, այնպես էլ սոցիալական հարթակներում․ այն հրապարակել են տասնյակից ավելի կայքեր, ինչպես նաև ունեցել է ավելի քան 2000 հավանում ու 120-ից ավելի կիսում։ Դրանց բոլորի մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացրել՝ արդյոք առաջին անգամն է Հայաստանից ԱՄԷ ծաղիկ արտահանվում։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանից ծաղիկների արտահանման պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ ծաղիկների արտահանում դեպի ԱՄԷ գրանցվել է նաև նախորդ տարիներին։ Արտահանման ամենաթարմ ցուցանիշը․ 2026-ի հունվար-մարտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առևտրի վիճակագրության համաձայն՝ Հայաստանից ԱՄԷ կտրված ծաղիկներ և ծաղկակոկոններ ապրանքախմբի արտահանումը հաշվառվում է երկու չափման միավորով՝ կիլոգրամ/տոննայով և հատով։ Հասանելի ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2026 թ․-ի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 903 կգ՝ 12․5 հզր ԱՄՆ դոլար և 110․600 հատ՝ 71․2 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ ծաղիկ։