Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել
21/7/2026 15:40

ԿԸՀ օրակարգն ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն, ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը:
«Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով, երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր։ Կհիշեք` Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿԸՀ-ի տիրույթում չէ։
Հիմա պատկերացրեք՝ 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն` ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի»,- նշել է նա։
Վարդևանյանն ընդգծել է, որ սա քաղաքական հերթական հետապնդման դեպքն է, միջամտություն՝ Նարեկ Կարապետյանի գործունեությանը:
«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է: Հիմա դուք կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է:
Տեղեկություն չունեմ, ավելին՝ նշված տվյալն իմանալով, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք, ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք՝ որևէ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ՝ որպես իրավաբանի, փաստաբանի դիրքորոշումից: Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք և ժամկետ ուզենք»:
Հարցին՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցն են քննելու, նա պատասխանել է.
«Փաստացի միջնորդությունը դրան է վերաբերում: Սա ոչ թե օրենքի խախտում է, Սահմանադրական դատարանի խախտում է, այլ ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի»: