Աբսուրդային մեղադրանք է առաջադրվել Նարեկ Կարապետյանին

23/7/2026 16:07

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին: «Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց, ընդհանրապես, այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը ՝որպես խափանման միջոց, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,- նշել է նա: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել: «Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել: Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,- հավելել է Արամ Վարդևանյանը: