Դադայանը սրտի կաթվածի հետեւանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը․ նա մահացել է
24/7/2026 18:01

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։ Այս մասին հայտնում են ԵԿՄ–ից։
«Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։
Մարտական ընկերների եւ զինակիցների հիշողության մեջ նա կմնա որպես հայրենիքին անմնացորդ նվիրված, ազնիվ, քաջ, համարձակ ու պատասխանատու ազատամարտիկ, հրամանատար եւ ընկեր, որը անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին։ Հերթական մարտական հերթապահության ընթացքում, որպես Երեւանի վաշտի հրամանատար, ստուգայց իրականացնելիս, սրտի կաթվածի հետեւանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով մեքենայով հայտնվել է ձորում։
Համլետ Դադայանի կորուստը ծանր վիշտ է նրա ընտանիքի, մարտական ընկերների, նրան ճանաչողների համար։ ԵԿՄ վարչության ու երկրապահ կամավորականների միության անունից խորին ցավակցություն ենք հայտնում մարտական ընկեր Համլետի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նրա անունն ու հայրենանվեր ծառայությունը կմնան մեր բոլորիս հիշողություններում։ Փա՛ռք Քեզ, մեր մարտական ընկեր»։