Բյուրեղավանում խմելու ջրի մեջ հայտնաբերվել են մանրէներ

24/7/2026 19:19

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։ Այս պահին՝ • Նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ • Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։ Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից: Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը: ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով։