Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

26/7/2026 13:10

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ։ Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Հաջողությունը շարունակվել է նաև թիմային պայքարում. Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացել է Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով: