Զախարովայի հայտարարությունները խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ
28/7/2026 13:07

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ընդգծել է, որ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կիրառման հարցը այն բանի հետ կապելու փորձերը, թե արդյոք Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես իր տարածք, անհիմն են և հակասում են Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։
Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»՝ դրանով իսկ վերջնականապես կարգավորելով նախկին հակամարտությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ չնայած ՀԱՊԿ-ի մեխանիզմները կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումներին՝ դա անելն անհնար էր, քանի որ Երևանը Ղարաբաղը չէր ճանաչել ոչ որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն։