«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանման
31/7/2026 19:58

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:
Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
10 գույքի շուկայական արժեք:
42 տրանսպորտային միջոց:
38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը: