Էթիկայի հանձնաժողով կստեղծվի

3/8/2026 17:06

Էթիկայի հանձնաժողով կստեղծվի: Դա արդյունքն է նրա, որ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Էթիկայի հանձնաժողովը, ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի, պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից՝ մեծամասնությունից և ընդդիմությունից, որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու, երկու տարով, բայց հետո կթարմացվի, բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից, վեց ամիս հետո կփոխվեն և այսպես շարունակ»,-նշել է նա։ Ռուբինյանն ասել է, որ, իր կարծիքով, սա լավ փոփոխություն է: «Նախկինում անընդհատ, ինչ-որ x հարցով, ասում էին՝ ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողովը, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում: Կարող է հարց ծագել՝ բա որ մեկի հարցով դիմեն, Էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում է եղել, ի՞նչ է լինելու: Սանկցիա, որպես այդպիսին, չի կարող լինել, բայց այն փաստը, որ պատգամավորներն իմանան, որ կա Էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է՝ դա արդեն իսկ հանրային ճնշում է ակնկալվող, լրագրողների ակնկալվող հետաքրքրությունը կարող է զսպող գործոն լինել և օգնել մեզ՝ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցում»,-մանրամասնել է Ազգային ժողովի նախագահը։