Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

3/8/2026 19:10

Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ–ից։ Պատճառը՝ ՔՊ–ական Նաիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքներ հնչեցնելն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին ծեծել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան: Ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): «Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,- հայտնեցին ՔԿ-ից։