Ընկերությունները, որոնցում մեր ընտանիքն ունի մասնակցություն, զինվшծ մտել են

5/8/2026 13:52

Պարոն Քոչարյան, Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Քանի որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հնչում էր նաև Ձեր հոր անունը, ի՞նչ եք կարծում ձեր բիզնեսները, ձեր ունեցվածքը նույն ճակատագրին կարժանանա՞, թե՞ ոչ, և ի՞նչ եք անելու այդ դեպքում։ Այս մասին լրագրողը հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին: «Այն լկտիությունը, իսկապես այս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, շատ լավ հասկանում ենք՝ բոլորի հետ կարող է լինել, առավել ևս՝ մեր հետ, բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, այս պայքարն ինչ-որ բան ավելին ունենալու մասին չէ: Ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո՛, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ»,-նշել է նա: Լևոն Քոչարյանն ասել է, որ 2018 թվականից հետո կյանքն ուրիշ ռեժիմի մեջ է, շատ բաների մասին չեն բարձրաձայնում, չեն խոսում, բայց հսկայական ճնշում կա: Ըստ նրա՝ այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս՝ ընդդիմադիր պատգամավոր լինելն արտոնություն և հաճույք չէ: Հարցին՝ հետընտրական գործընթացում նկատե՞լ եք Ձեզ պատկանող բիզնեսներում գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ տարբերվում են նախորդ շրջանից, նա պատասխանել է. «Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, բոլոր կամ գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված, չգիտեմ՝ որ ստորաբաժանումն է, այն զենքերով, մտել են ամեն տեղ: Ամեն տեղ, նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութները, չորս խանութ կա Երևանում, իր գրասենյակը, վարպետների մոտ»,-մանրամասնել է նա: Հարցին՝ խախտումներ հայտնաբերվե՞լ են, Լևոն Քոչարյանն ասել է, որ ոչ, չէր կարող հայտնաբերվել, քանի ոչ չկա: