Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել

6/8/2026 21:03

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական վերդիկտ։ Հիշեցնենք՝ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորներին իրենց գործունեության առնչությամբ արատավորելու համար։ Նշված հոդվածով նախատեսվում է պատիժ՝ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորներին։ Նրա հայտարարությունները հնչել էին ՍԴ-ի՝ «Անկախության հռչակագրին» վերաբերող հայտնի որոշումից հետո, որում օգտագործվել էր «զավակին խժռող ծնողի» ձևակերպումը։ Պաշտպանական կողմը նշել է, որ Ղազարյանի հայտարարությունները եղել են վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական դատողություններ։ Նշվել է նաև, որ հաղորդումը ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից որևէ մեկը, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։ Վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը զարմացած է դատարանի գործողություններից, քանի որ նիստին եկել էին միջնորդություն քննարկելու, սակայն դատարանը անմիջապես հրապարակել է վճիռը։ Մելիքյանը նշել է, որ իրենք համաձայն չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն բողոքարկել։