Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

11/8/2026 11:07

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։