Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է
12/8/2026 12:00

Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ին:
Դա Ալիևի Սահմանադրությունն է, իսկ ՔՊ-ն ասում է, որ դա միշտ իրենց օրակարգն է եղել։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ Փաշիզադեն ու Ալիևը ձեզ տվել են քաղաքական օրակարգ: ՔՊ-ի համար խնդիր չէ, որ Իլհամ Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն, ու իրենք գնում են դա իրագործելու ճանապարհով, իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է այդ մասին:
Ես իսկապես ուզում եմ, որ դուք ձեզ երբեմն կողքից նայեք ու պատկերացնեք, թե ուր եք հասել, պատկերացնեք, թե ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրենց տիրապատության տակ ունենալու են ուժայիններին: Իրենք իրենց թույլ էին տալիս ավելի պակաս բան, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան: Հասել ենք այնտեղ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը այստեղից ուզում է վարի հնազանդեցման քաղաքականություն»,- նշել է Վարդանյանը:
Վարդանյանը հավելում է՝ իրենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չեն, և ձայն չեն ստացել, որ լսեն վերջինիս հայտարարություններն ու սպառնալիքները:
«Այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտություն ասելու համար, բայց ճշմարտությունն ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունը, որովհետև եթե մենք հիմա ձեզ ճշմարտությունը չասենք, դուք մի քանի տարի հետո գալու եք ու ասեք՝ մենք կարող է չէինք կարդում, զբաղված էինք սոցիալական խնդիրներով, բա դուք ի՞նչ էիք անում, ինչու՞ մեզ չէիք զգուշացնում այս ամենի մասին»,- ասել է նա: