ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

15/8/2026 12:41

Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին, հայտնում են ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից։ Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում ​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։ ​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ` Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։ Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։ Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։ ​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք 1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։ 2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։ 3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։ 4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։ ​Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։ ​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։