Կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանը դաշնակից համարել

15/8/2026 14:28

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են Հայաստանը համարել կազմակերպության դաշնակից՝ չնայած Երևանի կողմից նրա աշխատանքներին մասնակցությունը կասեցնելու որոշմանը։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որը արժանի ներդրում է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ասել է Մասադիկովը։ Ըստ նրա, ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք կապված են կազմակերպության համատեղ աշխատանքին Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնման հետ։ Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը РИА Новости-ին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Ըստ նրա, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և մասնակից երկրների առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը։ Միևնույն ժամանակ կազմակերպությունում շարունակում են Երևանը դիտարկել որպես անդամ պետություն և դաշնակից։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի հանդեպ ունեցած պարտքը մարելու իր պարտավորությունները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել կասեցնելու այդ երկրի քաղաքացիներին քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքը, ինչպես նաև զրկել նրան կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը։ Բացի այդ, եթե պետությունը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության այլ մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը մարմինների գործունեությանը կամ բացառել պետությանը կազմակերպությունից։ Այս հարցերով որոշումներն ընդունվում են՝ առանց համապատասխան պետության ձայնը հաշվի առնելու։