Խանջյան գյուղի բնակիչները ճանապարհ են փակել
17/8/2026 13:57

Արմավիրի մարզի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը։ Գյուղացիների դժգոհության պատճառը գյուղմթերքի իրացման հետ կապված կուտակված խնդիրներն են։
Զայրացած բնակիչներն իրենց բողոքն են հայտնել շտապ տեղ հասած համայնքապետին։
«Մենք կարող ենք սպասել, իսկ միրգը սպասել չի կարող։ Դեղձը սպասել չի կարող»,- News.am-ի հաղորդմամբ՝ վրդովված ասում էին գյուղացիները։
Փորձելով հանդարտեցնել բնակիչներին՝ համայնքապետը կոչ է արել դադարեցնել նման գործողությունները և հայտնել, որ հենց այս պահին էկոնոմիկայի նախարարությունում ընթանում է մարզպետի հետ հանդիպումը, և հարցը լուծվում է։ Գյուղացիները արդարացիորեն նկատել են, որ լուծումներ պետք էր փնտրել ավելի վաղ, որպեսզի իրավիճակը չհասներ կրիտիկական կետի։
Պաշտոնյան հավաստիացրել է, որ մշակվել է ծրագիր․ մթերքի մի մասը կգնեն չորամրգի արտադրողները, մի մասը կարտահանվի, իսկ մնացածը կվերամշակվի ու կպահածոյացվի։ Բնակիչները, սակայն, հայտարարել են, որ խնդիրը նաև գնի մեջ է, և իրենք չեն ուզում չնչին գնով վաճառել բերքը։
Համայնքապետն առաջարկել է կրկին հանդիպել ժամը 18:00-ին, սակայն արդեն գյուղում, այլ ոչ թե ճանապարհին։
Գյուղացիները շարունակում են բողոքել և չեն հավատում խոստումներին։ Նրանք բացել են ճանապարհը, սակայն մտադիր են վաղն այն նորից փակել և չբացել մինչև խնդրի վերջնական լուծումը։