Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

18/8/2026 15:06

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։ «Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված ծրագրում հնչած արտահայտություններին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, հիշատակվել են օգոստոսի 7-ին «Спутник» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ներառելու մասին հնչած աբսուրդային հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բնույթի նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։ Նշվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նմանատիպ հռետորաբանության շարունակությունը նույնիսկ ավելի կոշտ ձևով՝ չնայած նման գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի բազմակի կոչերին և այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում։ Հանդիպման ընթացքում ռուսական կողմին են փոխանցվել Ադրբեջանի ակնկալիքները՝ Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տարածքում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալց և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։