Կանադայի դեսպանը Վեհափառի հետ հրաժեշտի հանդիպում է ունեցել
18/8/2026 20:06

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Կանադայի իշխանությունների ու ժողովրդի ցուցաբերած զորակցությանը Հայաստանին, ինչպես նաև հատուկ գնահատանքով խոսեց Կանադայի հայ համայնքի մասին՝ կարևորելով նրանց գործուն դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։
Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ մաղթեց իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ: