Ընթացող մեքենայում հրդեհ է բռնկվել
22/8/2026 14:36

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի և վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ էր տարածվել։