Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում

24/8/2026 14:57

Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և լքելու այդ կազմակերպությունը»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, նշել էր, որ ինքը շատ գոհ կլինի, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին հեռացնի, քանի որ ՀԱՊԿ-ի հանդեպ ՀՀ-ի հետաքրքրությունը սպառված է: